National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
31.10.2013
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահների ասուլիսը խորհրդարանում
1 / 4

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Միլան Ցաբրնոխի մամուլի ասուլիսը:

Սամվել Ֆարմանյանը նշեց, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը երկու ուղղությամբ է զարգանում՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթ»-ի շրջանակներում: Նշվեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով չի կայացել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը, որը նախատեսվում էր անցկացնել Երեւանում: «Մենք քննարկեցինք հնարավոր այն ուղղությունները, որտեղ կարող ենք համագործակցել եւ ներդնել մեր ուժերը: Ամենակարեւորն այն է, որ երկուստեք կա քաղաքական պատրաստակամություն՝ առաջ մղելու մեր հարաբերությունները նաեւ միջխորհրդարանական ձեւաչափում»,- ասաց Սամվել Ֆարմանյանը: Նա տեղեկացրեց, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահները համատեղ հայտարարություն են ընդունել:

Միլան Ցաբրնոխը հավաստիացրեց, որ ԵԽ անդամները Հայաստանը ճանաչում եւ ընդունում են որպես առանցքային ու հիմնական գործընկեր: «Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են, մենք աջակցում ենք դրան եւ ուշադիր հետեւում ենք այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում ձեր երկրում: Մենք աջակցում ենք ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ԶԼՄ-ների ազատության հաստատմանը` որպես եվրոպական արժեքների հիմնասյուներ»,- ընդգծեց պարոն Ցաբրնոխը: Անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը՝ Միլան Ցաբրնոխն ասաց, որ շրջադարձային այդ որոշումից կարճ ժամանակ անց են հանդիպում, եւ ներկայիս հանդիպումը տեղի է ունենում Վիլնյուսի գագաթաժողովից առաջ. «Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը եւ խորհում ենք այն մասին, թե այս նոր պայմաններում ինչպիսի հարթակներ պետք է ստեղծենք համագործակցությունը շարունակելու համար»,- ընդգծեց համանախագահը:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Սամվել Ֆարմանյանը եւ Միլան Ցաբրնոխը պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:

Խոսելով Վիլնյուսի գագաթաժողովից՝ Միլան Ցաբրնոխը նշեց, որ ակնկալվում է վիզաների դյուրացման գործընթացի շարունակություն, ինչը առավել կդյուրացնի ՀՀ քաղաքացիների մուտքը եվրոպական երկրներ:

Սամվել Ֆարմանյանը նշեց, որ Եվրամիության հետ համագործակցության խորացումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: «Մենք մեծապես կարեւորում ենք ԵՄ-ի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում: Տեղի է ունենում բավականին ինտենսիվ գործընթաց` Երեւան-Բրյուսել, որը նպատակ ունի մի կողմից ձեւավորելու համագործակցության նոր օրակարգը եւ առավելապես հստակեցնելու այն ուղղությունները, որոնցով ՀՀ-ԵՄ հարաբերությունները հետայսու պետք է շարունակվեն»,- նշեց Սամվել Ֆարմանյանն ու հավելեց, որ հայկական կողմը շատ լավ հասկանում է, որ վերջին զարգացումների համատեքստում կա որոշակի չհասկացվածություն: Նա համոզմունք հայտնեց, որ Վիլնյուսի գագաթաժողովից հետո, որին Հայաստանը մասնակցելու է, կհստակեցվեն այն ուղղությունները, որոնցով կշարունակվի ՀՀ-ԵՄ համագործակցությունը:

Իսկ վիզաների դյուրացման հարցի վերաբերյալ Սամվել Ֆարմանյանն ասաց, որ առաջիկա քառօրյայում այն կքվեարկվի ԱԺ-ում, որից հետո կվավերացնի ՀՀ նախագահը: «Վիզաների դյուրացումը վերջին տարիների համագործակցության կոնկրետ արդյունքներից մեկն է, ինչը փաստում է, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը անցած տարիներին եղել է արդյունավետ»,- հավելեց համանախագահը:

Ասուլիսի մասնակիցներին բաժանվեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ պարոն Սամվել Ֆարմանյանի եւ պարոն Միլան Ցաբրնոխի համատեղ հայտարարությունը:

Երեւան, 31-ը հոկտեմբերի 2013թ.

Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահները վերահաստատում են իրենց հանձնառությունը շարունակելու Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ համագործակցության հետագա զարգացումը՝ հիմնված նախորդ տարիներին երկու կառույցների խորհրդարանականների արդյունավետ համագործակցության վրա՝ Հայաստանի եվրոպական օրակարգը առաջ մղելու նպատակով:

Համանախագահները հիշեցնում են, որ կարճաժամկետ հեռանկարում էական առաջընթաց կարելի է ակնկալել, մասնավորապես ոլորտային համագործակցության առումով, ինչպիսին օրինակ Հայաստանի շարժունակության օրակարգն է: Այսպիսով, համանախագահները ողջունում են Եվրոպական խորհրդարանին՝ ԵՄ-Հայաստան Արտոնագրերի դյուրացման համաձայնագրին «կանաչ լույս» տալու կապակցությամբ եւ նույնը ակնկալում են ՀՀ Ազգային ժողովից՝ մինչեւ Վիլնյուսի գագաթաժողովը:

Համանախագահներն, այնուամենայնիվ հասկանում են այն դժվարությունները, որոնք այլեւս թույլ չեն տալիս, շարունակել ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի, ներառյալ ԽՀԱԱԳ-ի գործընթացը, ինչպես նախատեսված էր այս նոյեմբերին Վիլնյուսում: Նրանք, այնուամենայնիվ, ցանկանում են արժանին մատուցել այդ համաձայնագրերի երկու կողմերի բանակցողներին երեք եւ կես տարվա ընթացքում կատարված աշխատանքի եւ ներդրված ջանքերի համար եւ կոչ են անում շարունակել նույն եռանդով, հստակեցնելու՝ ինչպես պետք է առաջ շարժվել Վիլնյուսի գագաթնաժողովից հետո: Համանախագահները կապահովեն խնդրո շուրջ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ներգրավածությունը եւ մինչեւ 2014 թվականի մայիս՝ Եվրոպական խորհրդարանի այս գումարման ավարտը, անցկացնել Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի լիարժեք նիստ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am